Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մերժում է համատեղ ասուլիս անցկացնելու Հայկ Դեմոյանի հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարին հրավիրել էր համատեղ ասուլիսի: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նման մարդու հետ չի կարող որևէ շփում ունենալ:
Նախարարը վստահեցրեց, որ Հայկ Դեմոյանի հետ որևէ խնդիր չունի, նրան ընդամենը մեկ անգամ է տեսել:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է 1998թ. Դամասկոսում 4 ամիս տևած մերձեցման, ենթադրյալ հովանավորչության և կոռուպցիոն գործելաոճ դրսևորելու մեջ: Հայկ Դեմոյանը նախարարին կոչ է արել այդ ամենի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հանրությանը: ՀՀ կրթության և գիտության նախարարը իր հերթին Դեմոյանին կոչ է անում բացատրել իր գրառման իմաստը: Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ 1998 թվականին եղել է Դամասկոսում, սակայն բացատրեց, որ այնտեղ եղել է սովորելու նպատակով:
«Թող Դեմոյանը բացատրի իր գրառման իմաստը: Իսկ ինչ վերաբերում է մերձեցմանը, ես ուղղակի չեմ մեկնաբանի, դա ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, պարզապես անմակարդակություն»,- նշեց Հարությունյանը:
Լիլիթ Դեմուրյան