Ուրախությամբ տեղեկացա, որ ՀՀ կառավարության հրավերով Երևան է ժամանել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որին արդեն ընդունել է և նրա հետ հանգամանալից քննարկում ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այսօր ինձ էլ բախտ վիճակվեց զրուցել հայ մեծ զորահրամանատարի հետ, այդ թվում՝ Հայաստանի ռազմական անվտանգության հարցերի շուրջ։ Խորապես տպավորված եմ գեներալի ռազմական մտքի խորաթափանցությամբ, թարմությամբ ու վիթխարի փորձառությամբ։ Հիշեցնեմ, որ դեռևս մայիսի 17-ին հրապարակված «Հրատապ առաջարկություններ ՀՀ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ» հոդվածում առաջարկել էի ՀՀ կառավարությանը նշանակել Ն. Տեր-Գրիգորյանցին ՀՀ վարչապետի ռազմական հարցերի գծով գլխավոր խորհրդական (ըստ նոր սահմանադրության, պատերազմի ժամանակ հե՛նց ՀՀ վարչապետն է լինելու ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարը)։

 

Համաշխարհային ռազմական պատմությանը լավածանոթ մարդիկ հասկանում են, որ այսպիսի տրամաչափի մեկ զինվորական կադրը հակառակորդ բանակներից մեկում կարող է արժենալ ավելին, քան 1-2 լրացուցիչ դիվիզիան։ Ադրբեջանի գլխավոր շտաբում վաղուց ի վեր նստած թուրքական գեներալներից և ոչ մեկը չի կարող հավասարվել Ն. Տեր-Գրիգորյանցին ո՛չ իր փորձով, ո՛չ էլ ռազմական տաղանդով։ Վերոնշյալ հոդվածում նկատել էի նաև, որ ժողովրդականություն վայելող ՀՀ ներկա ղեկավարության կողքին Ն. Տեր-Գրիգորյանցի պես լեգենդար ռազմական գործչի հայտնվելը կարող է սթափեցնել Բաքվի պատերազմատենչ ղեկավարությանը, սառը ցնցուղ լինել նրանց գլխին։

Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան Ն. Տեր-Գրիգորյանցին այժմ էլ հրավիրում է սպաների հետ գործնական ու տեսական պարապմունքներ անցկացնելու։ Այսինքն՝ աշխարհի լավագույն ռազմական մեքենաներից մեկը շարունակում է օգտվել մեր հայրենասեր գեներալի ծառայություններից։ ԻՍԿ ՄԵՆՔ, ԳՏՆՎԵԼՈՎ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԴԵՌԵՎՍ ՀԱՊԱՂՈՒՄ ԵՆՔ։

Մեծ զորավարներին տարիքն է՛լ ավելի է ուժեղացնում։ Հիշենք թեկուզ միայն բյուզանդացի Բելիսարիոսին (505-565) և ռուս Ալեքսանդր Սուվորովին (1730-1800), որոնք իրենց կյանքի վերջին տարիներին հետ կանչվեցին քաղաքական աքսորից ու, նշանակվելով զորավարական բարձր պաշտոններում, փայլուն հաղթանակներ տարան հզոր թշնամիների հանդեպ։

 

Նորատ Տեր-Գրիգորյանցի կենսագրությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝


Հայերենն̀ այստեղ

Ռուսերենն̀ այստեղ

Արմեն Այվազյան,

քաղաքական գիտությունների դոկտոր