Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել տնտեսության զարգացման մեջ շեշտը ներդրումների վրա դնելու մասին: Մի քանի օր առաջ էլ ընդունել է Ռուսաստանից ժամանած տասնյակ գործարարների: Սրան հաջորդած  աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է, որ պետք է «ներդրումային պատուհան» բացել. սա լինելու է մի գրասենյակ, որը զբաղվելու է ներդրողների հետ առաջացող գործընթացի կազմակերպմամբ և իրականացմամբ: Ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ էլ ստեղծվեց ներդրողների ակումբը: Ի դեպ, նախկին վարչապետը ևս,  մեծ ուշադրություն էր դարձնում այս հարցին:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ այս հարցում կարևոր չէ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թե Կարեն Կարապետյանը, այլ կարևոր է, որ վաչապետերը մեծ ուշադրություն են դարձնում երկիր նոր ներդրումներ բերելու խնդրի վրա:

 

«Իրականում տնտեսության զարգացում, աշխատատեղերի ավելացում հնարավոր է ապահովել միայն նոր ներդրումներ բերելով: Ինչ վերաբերում է ներդրումների գրավման մեխանիզմին, ապա դա կլինի ակումբ, ֆոնդ, պատուհան կամ այլ ձևաչափ, ըստ էության, երկրորդային է, իսկ առաջանային է դրա` իր նպատակին ծառայելը: Արդյունքում` մենք պետք է զգանք ներդրումների ազդեցությունը տնտեսությունում՝ թե′ նոր աշխատատեղերի ստեղծման, թե′ բարեկեցության ապահովման և թե′  ընդհանուր տնտեսական աճի առումով»,-նկատեց տնտեսագետը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վարած ներդրումային քաղաքականությունը տնտեսագետն այդքան էլ արդյունավետ չգնահատեց:

«1,5 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանի թիմը մարզերից, համայնքներից որոշակի ներդրումային պրոյեկտներ հավաքեց. փորձեցին դրանք մասնագիտորեն հսկել, զարգացնել և պատրաստի ներդրումային փաթեթներ ստացան, որոնք արտերկրի մեր դեսպանատների, ինչպես նաև տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կապերի միջոցով փորձում էին առաջարկել պոտենցիալ ներդրողներին: Արդյունքում` մարդիկ, ովքեր հետաքրքրված էին Հայաստանում ներդրումներ կատարելով, ունեին փաստացի բիզնես ծրագրեր: Այդուհանդերձ, այդ ժամանակահատվածում շոշափելի որևիցե բան, ռեալ ներդրումների կտրուկ աճ, ներդրումների ծավալի մեծացում չնկատվեց»,-նշեց տնտեսագետը:

 

Տնտեսագետը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պայքարը կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ, արտաքին ներդրողների մոտ դրական ազդակ կհանդիսանա:

«Մրցակցային միջավայրի հաստատումն արտաքին ներդրողի աչքում մեր ներդրումային գրավչությունը էապես բարձրացնում է: Սակայն նոր կառավարությունից առայժմ տնտեսական կտրուկ աճ չենք կարող ակնկալել և դա արդար էլ չի: Պետք է սպասենք մինչև հաջորդ տարի»,-նկատեց Կառլեն Խաչատրյանը:

Լիլիթ Հակոբյան