Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է, որն ի կատար ածելու համար դատախազության դերը շատ կարևոր է:
ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը իր շնորհավորական խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես պետական մյուս մարմինների համար, այնպես էլ դատախազության համար նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է տալիս դատախազությանը:
«Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է, որ նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի: Անմեղները պետք է ընդհանարապես որևէ հետապնդման չենթարկվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»,- շեշտեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է, և դա ի կատար ածելու համար դատախազության դերը շատ կարևոր է:
«Դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:
Դրա համար, ըստ Փաշինյանի, Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը:
«Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց դատախազության աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, երբ նույնպես պետք է կապ չունենա, թե ով է այդ հանցագործությունը գործել:
ՀՀ վարչապետը դատախազության կարևոր գործառույթ համարեց նաև պետական շահերի պաշտպանությունը, և նա ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա և սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշպանության ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը ելույթում նշեց նաև, որ դատախազությունը իր 100-ամյա գործունեության ընթացքում ունեցել է շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականներից, շարունակած Խորհրդային տարիների Հայաստանի անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներով, վերջացած Հայաստանի անկախությունից հետո վիճահարույց դրվագներով: