«Մենք գտնում ենք, որ հայ հեղափոխական դարշրջանը ավարտվել է, և հայ կառուցողական դարաշրջանն է մեկնարկվում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է նորաստեղծ «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Կուսակցության անվանման ընտրությունը կատարել են աշխարհում հայ ժողովրդին որպես կառուցողներ, ճարտարապետներ բնորոշումից ելնելով:

Կուսակցության ծրագրի մասին Ղուկասյանը նշեց, որ փորձելու են հանրության հետ ավելի ակտիվ և ավելի պարզ կապեր հաստատել՝ իրենց ծրագրերը ներկայացնելով Հայաստանի բոլոր քաղաքներում:

«Հայաստանն այսօր ունի ոչ հավասարաչափ զարգացման խնդիր: Երևանն, այլ քաղաքների համեմատ, գտնվում է ավելի բարենպաստ գոտում: Մենք լրացնելու ենք այդ բացը»,-ասաց Ղուկասյանը:

Նա մասնավորապես կարևորում է ժողովրդի ներգրավվածությունը տնտեսական զարգացման ծրագրերում, անկախ նրանից՝ Երևանո՞ւմ են ապրում, թե՝ Երևանից դուրս:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղուկասյանը նշեց, որ ժողովրդավարական ուժերը պետք է համախմբված լինեն: «Առաջանային է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դերը, կցանկանա՞ ինքը լինել ժողովրդավարական ուժերի համախմբող ուժ՝ կախված է իրենցից: Մենք բաց ենք և պատարաստ համագործակցության»,-ասաց նա:

Ղուկասյանը նկատեց, որ Հայաստանում նախկինում ընտրությունները կրել են շինծու բնույթ՝ նախապես կանխատեսված արդյունքով, որը խոչընդոտում էր կուսակցական համակարգի ձևավորմանը: «Այսօր կա հնարավորություն՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու»,-ասաց Ղուկասյանը:

ՀԿԿ-ն նաև կարևորում է սահմանադրական փոփոխությունները և առաջարկում այն մտցնել քաղաքական օրակարգ, և արտահերթ խորհրդարանական ընտությունների օրը անցկացնել նաև սահմանադրական հանրաքվե՝ մինչ այդ ձևավորելով սահմանադրական ժողով և մշակելով նոր Սահմանադրություն: