Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք պատարաստվում են մասնակցել ԱԺ ընտրություններին և նույնիսկ հաղթել՝ հույսը դնելով ընտրությունների արդար, թափանցիկ և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացնելու վրա: Կուսակցությունների ստեղծման և դրանց՝ ընտրություններում խորհրդարան անցնելու հնարավորությունների, ԸՕ-ի և ընդդիմության մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնելոգ Արմեն Բադալյանի հետ:
-Պարո՛ն Բադալյան, հեղափոխությունից հետո նոր կուսակցություններ են ստեղծվել: Կարծես սա շարունակական բնույթ ունի՝ կապված առաջիկայում անցկացվելիք ընտրությունների հետ: Ինչպիսի՞ հնարավորություններ ունեն այդ կուսակցությունները:
-Հայաստանում կուսակցություններ ստեղծելու մոլուցքը նոր չէ: Անկախությունից հետո Հայաստանում անընդհատ այդ հիվանդությունը երևում է: Այդ կուսակցությունները պետք է ունենան համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան կուսակցություն աշխատացնել, որովհետև դա բացելը մի բան է, աշխատեցնելը՝ մեկ այլ բան: Կարևոր է՝ կուսակցությունը ինչպես իրեն կդիրքավորի եղած քաղաքական դաշտում, որտեղ կան քաղաքական այլ կուսակցություններ: Մասնագիտական լուրջ աշխատանք է պետք, որպեսզի տարբերվես եղածներից: Պետք է բավականին մեծ գումարներ ունենալ, որովհետև կուսակցություն ստեղծելը թանկ հաճույք է՝ գրասենյակներ, համապատասխան տեխնիկա, մեքենա, մեդիա ռեսուրսներ՝ որոնք կլինեն ազդեցիկ, և որի դիտումները մի քանի տասնյակ հազար կլինեն: Եվ կարևոր է ժամանակ ունենալը, քանի որ ճանաչողություն ապահովելու համար մեծ գործողություններ պետք է իրականացնել, կուսակցությունը Երևանի մամուլի ակումբներից դուրս էլ ներկայացնել: Սա այս դեպքում հնարավոր չէ, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մյուս տարի՝ մայիսին: Խանգարող հանգամանք է նաև այս հեղափոխական էյֆորիա ասվածը, որովհետև դա թույլ չի տալիս քո խոսքը հասցնել ընտրողին: Կուսակցությունը բավականին թանկ և բարդ աշխատանք է: Սա Հայաստանում չեն հասկանում:
-Նորաստեղծ կուսակցությունները նշում են, որ սատարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Արդյոք սա մեծացնու՞մ է այդ կուսակցությունների հնարավորությունները խորհրդարան ացնելու, և ըստ սատարման քաղաքականության ընտրություններից հետո խորհդարանում կունենա՞նք ընդդիմություն:
-Դեռևս պարզ չէ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինչ սկզբուքնով կմտնի խորհրդարան՝ որպես «Քաղաքացիական պայմանագի՞ր», թե՞ որպես Ելք դաշինք, և բացի այդ՝ դա չի նշանակում, որ բոլոր սատարողներին պետք է տեղ տալ: Այսօր Հայաստանում շատերը կարող են իրենց աջակցությունը հայտնել վարչապետին կամ իր կուսակցությանը: Սա կարելի ընդունել թաքնված քծնանք ապագա խորհրդարանին: Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ այս պահին Հայաստանում միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, որը միակ կուսակցությունն է, որ պաշտոնապես հայտարարել է՝ չի սատարելու քաղաքական այս նոր իշխանություններին: ՀՀԿ-ն, լինելով միակ ընդդիմությունը՝ իրեն ադեկվատ չի պահում: Այս իշխանությունները սխալներ են թույլ տալիս, որոնք պետք է արժանանային ՀՀԿ-ի քննադատություններին, սակայն մենք այդ չենք տեսնում:
-Խոսելով ՀՀԿ-ի մասին. խորհրդարան անցնելու շանսեր կունենա՞ որպես ընդդիմություն:
-Դա կախված է ՀՀԿ-ի դիրքից: Քաղաքական համարժեք փոփոխություններ կատարելուց՝ կուսակցության նախագահի հեռացումն այդ պաշտոնից, ինչպես նաև արմատական փոփոխությունների ու նոր ոճով աշխատելու դեպքում՝ հնարավոր է: Եթե դրանք չիրականացվեն՝ մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում կվերածվի մի կուսակցության, որի նման բազմաթիվ կուսակցություններ կան Արդարադատության նախարարության գրանցամատյանում: Եվ փոփոխություններ պետք է անի ոչ թե աշնանը, այլ պետք է աներ երեկ, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ն որևէ ձևով չի շարժվում իր տեղից, և եթե հետևենք դավադրության տեսությանը, ապա միգուցե պայմանավորվածություն է եղել իշխանափոխության ժամանակ, որ ՀՀԿ-ն է պետք է ինքնապասիվություն դրսևորի: Սա, ինչպես նշեցի, դավադրության տեսություն է, և ես դրա կողմնակիցը չեմ, բայց գալիս ենք այդ եզրակացության, որովհետև ՀՀԿ-ն չօգտագործեց գերազանց առիթներ՝ նոր իշխանություններին քննադատելու համար: Դա պետք է հատուկ մտածես, որ չօգտագործես, որովհետև նրանք ունեն ինտելեկտուալ ռեսուրս, տարածքային կառույցներ, մեդիա ռեսուրս, միջազգային կապեր և ամենակարևորը՝ դա միակ կուսակցությունն է, որ կարող է քննադատել այսօրվա իշխանություններին և ճիշտ մեթոդոլոգիա օգտագործելով՝ ընկալելի լինել հասարակության մի մասի համար:
-ԸՕ-ի փոփոխություններն ինչքանո՞վ կնպաստեն թափանցիկ ընտրություններ անցկացնելուն:
-Ընտրական օրենսգիրքը չէ, որ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու մեխանիզմը: Դա տեղի է ունենում իշխանությունների կամքով: Եթե իշխանությունները ցանկանան, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար, թափանցիկ, ապա այդ ընտրությունները կանցացվեն ցանկացած ԸՕ-ով: Անգամ գերազանց, լավ Ընտրական օրենսգրքով հնարավոր է կեղծ ընտրություն անցկացնել, ինչը ցույց է տվել նախկին փորձը: Այդ պատճառով՝ որոշակի փոփոխություններ պետք է անել, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգին անցնելը և թաքնված մեծամասնական այս վարկանիշայինից հրաժարվելը: Բայց խիստ գնահատել ԸՕ-ն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում՝ իմաստ չունի:
Արմինե Արմենակյան