Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցության փաստը, որի համատեքստում հիշատակել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ռուսաստանի հետ իրականացված և իրականացվող ծրագրերի հաջողված փորձը։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստել ոլորտում համագործակցության էլ ավելի սերտացմանը և այդ նպատակով խնդրել է նախարարին ներկայացնել Բնապահպանության գերատեսչության վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, առկա խնդիրներին նաև նորարարական լուծումներ տալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները։

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շրջակա միջավայրի հարցերի շուրջ համագործակցության հեռանկարներին և կարգավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր։