Հուլիսի 8-ին Մոսկվայի Եկատերինյան այգում տեղի է ունեցել «Ծիրան» փառատոնը: Միջոցառման նախաձեռնողը Ռուսաստանի Հայերի Միությունն էր՝ Մոսկվայի Կառավարության հետ համատեղ: Օրացույցի տոնական օրերի մեջ ներառված այս տոնն արդեն սիրվել է մոսկվաբնակների ու քաղաքի հյուրերի կողմից՝ դառնալով մոսկովյան ամռան ամենասպասված իրադարձություններից մեկը:
Միջոցառմանը ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղեկցությամբ անցել է առանձնացված բոլոր հատվածներով, որտեղ սպորտային մրցաշարեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր էին կազմակերպվում: Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ Սերգեյ Մանուկյանի, Արտյոմ Լալայանի և այլոց մասնակցությամբ «Ծիրանի» շրջանակներում անց է կացվել ջազի «Ծիրանի ջեմ» փառատոնը:
Այգու Մեծ բեմում հանդես են եկել երաժշտական ու թատերական խմբեր (մոտ 600 արտիստ) Մոսկվայից ու Ռուսաստանի տարբեր հատվածներից: Վերջիններս տոնական օրվա ամբողջ օրվա ընթացքում ներկաներին պատմում էին ազգերի հին ու նոր մշակույթի, ավանդույթների ու արվեստի մասին: Հավաքված մարդիկ բավականին ջերմ ողջունեցին հատկապես դաղստանցի լարախաղաց Ռասուլ Աբակարովի ելույթը, որը հայկական երաժշտության ներքո անհավանական հնարքներ էր ցուցադրում:
Տոնախմբության ժամանակ «Ազգերի բարեկամության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ազգամիջյան հարաբերւթյունների և հասարակական ինստիտուտների զարգացման համար» Մոսկվայի քաղապետ Սերգեյ Սոբյանին Ռուսաստանի հայերի միության կողմից շնորհվել է միության բարձագույն պարգևը՝ «Ոսկե Խաչ»: Շքանշանը հանձնել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին, որի ճակատագիրն արդեն քանի դար կապված է Մոսկվայի հետ: Նա նշել է, որ այն ամենն ինչ կատարվել է Մոսկվայում վերջին 100-ամյակում ու 10-ամյակում, ուղղակիորեն կապված է հայկական համայնքի ու համայնքի ներկայացուցիչների հետ՝ հրաշալի մանկավարժներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ, սպորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու նույնիսկ բևեռախույզներ:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը՝ այսպիսի տոնախմբություններ կազմակերպելու, և, առհասարակ, մեր բազմազգ քաղաքի կյանքին ակտիվորեն ներգրավվելու համար»,- ասել է Սոբյանինն ու ՌՀՄ-ին Շնորհակալական նամակով պարգևատրել:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Մոսկվայի քաղաքապետին՝ միության աշխատանքը գնահատելու համար: Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև Մոսկվայի Ազգային քաղաքականության և Սոցիալական պաշտպանության դեպարտամենտներին՝ ՌՀՄ-ի ծրագրերին աջակցելու համար:
Տոնախմբության պատվարժան հյուրերի թվում են եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, ինչպես նաև Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի գլխավորած պատվիրակությունը:
«Ծիրան» փառատոնի շրջանակներում Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի կողմից հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ նույնպես պարգևատրվել են «Ռուսաստանի զարգացման և մայրաքաղաքի հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված լինելու հարցում ունեցած մեծ ավանդի համար»։
Մոսկվայի քաղաքապետի կողմից շնորհակալական նամակներով են պարգևատրվել հետևյալ անձիք.
ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գեորգի Տեր–Ղազարյանը
Հեռուստալրագրող, «Խոսքի իրավունք» հեռուստահաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը:
Տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ, ՌԴ նախագահին կից ժողտնտեսության և պետական ծառայության ակադեմիայի «Կորպորատիվ կառավարման բարձագույն դպրոցի» ֆակուլտետի դեկան Սերգեյ Քալենջյանը:
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը:
Ռուսաստանի հերոս, օդաչու-փորձարկիչ «Քաղաքացիական ավիացիայի գիտական-հետազոտական պետական ինտիտուտի գործադիր տնօրենի տեղակալ Ռուբեն Եսայանը:
Բժշկական գիտությունների դոկոտր, պրոֆեսոր, բժշկական-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սպասոկուկոցկոյի անվան պետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Լիանա Ալեքսանյանը:
Շոումեն, հումորիստ, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը:
Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը:
Ձեռնարկատեր և բարեգործ, «Ընկերներ» հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը:
Դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Ռուսաստանի հայակական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: