ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն, անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին մեղադրանք առաջադրելուն, նշեց, որ քաղաքապետը հեղափոխության իրադարձությունների ժամանակ ծեծկռտուքի վայր գնացել է ուշ՝ հանդարտեցնելու նպատակով։
 
«Քաղաքապետի վրա հիմնավորել են, թե ոմն մեկն ասել է, թե «սիլլա է տվել»։ Ինքն էլ ասել է՝ բերեք, տեսնեմ այդ մարդուն։ Խի ըտենց մարդ են կալանավորո՞ւմ»,֊ ասաց Մուրադյանը։
 
Նրա կարծիքով՝ Մասիսի քաղաքապետի դեմ ուղղված այս քայլերը միտումնավոր են արվում. «Շատ- շատերին պետք է քաղաքապետի աթոռը։ Դրա համար շատերը հրահրում են։ Եթե ձեզանից մեկը կարող է հիմնավորել, որ Մասիսի քաղաքապետը ինչ֊որ մեկից կաշառք ա վերցրել, ես ներողություն կխնդրեմ։ Ինքը տենց բաների մեջ չկա»,֊ ասաց նա։ Դիտարկմանը՝ նոր իշխանությանը մեղադրում եք քաղաքապետի աթոռը զավթելու ցանկություն ունենալու մե՞ջ, Մուրադյանն ասաց. «Մինչև նոր իշխանությունների հասնելը էնտեղ էնքա՜ն թայֆեք են եղել։ Հակառակորդները լիքն են»։