«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին՝ նշեց. «Վերջին ամիսներին ապրեցինք հայկական ոգու թռիչքը, հռչակվեց նոր Հայաստանը: Մենք թեև կառավարության մաս չենք, սակայն սատարում ենք կառավարությանը, քանի որ այս հաղթանակը բոլորինս է, ով մասնակցություն է ունեցել դրան»:
 
Անդրադառնալով հարցին` ի՞նչ ձևաչափով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել. «Ես կարծում եմ՝ լավ կլինի՝ շարժմանը մասնակցած ուժերը միասին մասնակցեն ընտրություններին»,-ասաց նա` ընդգծելով, որ սպասեն Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Նա նշեց` խորհրդարանական ընտրությունների հետ կապված առաջարկություններով են հանդես եկել, որպեսզի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բացառվեն ընտրակեղծիքները, կրկնաքվեարկությունները:
 
Խոսելով ավագանու՝ ընտրություններին մասնակցելու մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը չի քննարկվել կուսակցությունում, բայց ինքը թե՛ «ժառանգություն»-ից, թե՛ Ելք-ից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մի քանիսին տեսնում է քաղաքապետի պաշտոնում: Անուններ նշելուց, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց: