Ինչպես տեղեկացրել ենք, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Լուրի իսկությունը ճշտելու համար զրուցեցինք Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Լիանա Եղիազարյանի հետ։ Վերջինս տարածված տեղեկատվությունը ոչ միայն ժխտեց, այլև հավելեց․ «Ամերիկյան Global Medical Solutions ընկերության հետ նախկին իշխանությունների կողմից պայմանագիր է կնքված եղել, որը պետք է իրականացնի տնօրինումը։ Այժմ նախարարությունը բանակացային փուլում է գտնվում տվյալ ընկերության հետ՝ խնդրին հստակ լուծումներ տալու համար»։
Նկատենք, որ կենտրոնը չի գործում․ ըստ նախկին իշխանությունների հետ կնքված պայմանագրի, այն բանից հետո, երբ կենտրոնում կավարտվեին շինարարական աշխատանքերը, այն պետք է հանձնվեր վերը նշված ընկերության տնօրինմանը, սակայն այդպես էլ այդ գործընթացը չի ավարտվել։