Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին հուլիսի 13-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար: «Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրին այգուց:
Բվեճը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն սակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: Թռչունը բնադրում է տարբեր գոտիներում' կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ: