Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանի հետ միասին այսօր այցելել են Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում քննարկելու այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, երբ անտուն շների խումբը հարձակվել և հոշոտել էր այգու երեք կենգուրուներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այգու աշխատակիցների վկայությամբ, նախկինում ևս նման դեպքեր տեղի են ունեցել: Կենդանաբանական այգու կլինիկայում անկած կենդանիները կհերձվեն, և մոտակա օրերին միջադեպի մանրամասները պարզ կլինեն: Այգու գրեթե 4 կիլոմետրանոց եզրագծով տարածքը չունի ցանկապատ, չկան տեսանկարահանող սարքավորումներ, և պարբերաբար թափառող շները մուտք են գործում տարածք , այն դեպքում, երբ այգու կենդանիները ապրում են ազատավանդակներում:
Արդեն այս տարի սկսել են ցանկապատման և տեսանկարահանող համակարգի անցկացման նախագծա-նախահաշվային աշխատանքները, որոնց ավարտից հետո՝ 2020-ին, այգու տարածքը կցանկապատվի, ինչը հնարավորություն չի տա կողմնակի մարդկանց և թափառող կենդանիներին մուտք գործել այգու տարածք: Ներկայում այգու տարածքը նաև չափագրվում է»,- տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: