Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ) ստեղծված լարված իրավիճակի պատճառով:
Այս մասին հայտնում է ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՊՆ հայտարարույան համաձայն՝ նախարարի հանձնարարականը հաջորդել է Գյանջայում ստեղծված լարված իրավիճակին:
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:
Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:
Լարված իրավիճակը Գյանջայում շարունակվում է, ամեն օր տեղի են ունենում ձերբակալություններ, քաղաքապետի մահափորձի և ոստիկանների սպանության գործով արդեն բերման են ենթարկվել 10-նյակ Ադրբեջանցիներ: