Ադրբեջանում գերևարված Կարեն Ղազարյանը, որը դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում, ունի հոգեկան խնդիրներ և հենց այդ խնդիրների պատճառով ծառայության չի անցել ՀՀ Զինված ուժերում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

«Դա փաստաթղթավորված և փաստարկված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր խաչին:ՊՆ-ն Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն անվտանգ և անվնաս վերադարձնենք Հայաստան»,-ասաց Բալայանը:

 

Անդրադառնալով Բելառուսի քաղաքացի, հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագանի (Վլադիսլավ Մոսեսով) տեսաուղերձին, որտեղ նա նշում էր, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են սկսել իր նկատմամբ, և իր կյանքին վտանգ է սպառնում՝ նա նշեց, որ քայլեր են ձեռնակվում նրա անվտանգության աստիճանը գնահատելու և հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: «Հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է՝ Բելառուսի իշխանությունը ևս իր քաղաքացու պաշտպանությունը ապահովելու համար որոշակի գործողութուններ պետք է ձեռնարկի»,-հավելեց Բալայանը: