Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են անցկացրել ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Հուլիսի 17-ին՝ ժամը 21.20-ին, 1970թ. ծնված Սվետլանա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «Մակարով» տիպի ատրճանակ' պահունակով և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով ու հայտնել, որ հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: