Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, և՛ առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են Արցախում ծառայելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետերի, հրամանատարների որդիները»,- ասաց Մնացականյանը:

 

Նա նշեց՝ չի կարող նշել մի դեպք, որ Արցախում ինչ-որ պաշտոնյայի որդի չի ծառայել:

Հարցին՝ արդյոք վարչապետի և Պնախարարի որդիները իրենց ծառայության ընթացքում կհայտնվեն առաջնագծում, Մնացականյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծում»։ 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները վերջերս զորակոչվեցին բանակ և ծառայությունն անցնում են Արցախում: Փաշինյանի որդին ինքն էր ցանկություն հայտնել հենց Արցախում ծառայել, իսկ Տոնոյանի որդու դեպքում վիճակահանությամբ է ծառայության վայր ընտրվել Արցախը: