«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
«Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին' Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: