«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո: «Ես լճի ջուրը երեկ խմել եմ տարբեր ափերից՝ համոզելու համար բոլորին, որ ջրիմուռների ակտիվացումը չի կարող լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր, վնասել մարդու առողջությանը:
Ընդ որում, լճի ջուրը խմել եմ մի քանի տեղերից, որտեղ ջրիմուռներով ծածկված մեծ զանգվածներ են նկատվել: Իմ ինքնազգացողության վատացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես առհասարակ բժշկի չեմ դիմել, իսկ ինքնազգացողությունս թե երեկ, թե այսօր միանգամայն բավարար է»,-հավաստեց Վահե Գուլանյանը:
«Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրենը ջրիմուռների ակտիվությունը կապեց բարձր ջերմաստիճանի հետ եւ միաժամանակ հույս հայտնեց, որ երկու-երեք շաբաթ հետո լճի ջուրը կվերադառնա իր բնական գույնին ու վիճակին:«Կարծում եմ, որ այս վիճակը Սեւանա լճում առաջացել է բարձր ջերմային ռեժիմի պատճառով: Եթե Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողում իրականացնելու թույլտվություն առաջիկայում չտրվի կառավարության կողմից, ապա ամեն ինչ շուտով կընկնի իր տեղը»,-նշեց Վահե Գուլանյանը:
Խոսրով Խլղաթյան