ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017թթ.։ Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2.355.768 ՀՀ դրամ։
Քննությամբ հստակեցվել է առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։
Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, տնտեսվարին և Նոր Խարբերդի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Դպրոցի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը. 2.355.768 ՀՀ դրամ փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: