Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայի ընդդիմադիրների շրջանում։ Երեկ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Մուսթաֆա Սարիգյուլը իր թվիթերի էջում գրառում է կատարել, որ Հայաստանի մեկնած ձեռքը  պատմական հնարավորություն պետք է համարել։ 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կանխարգելիչ հայտարություն էր՝ Հայաստանին միջազգային ճնշումներից զերծ պահելու համար, մասնավորապես, որ Արևմուտքը չմեղադրի Հայաստանին Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրելու կամ սահման չբացելու մեջ։ Դա է եղել պատճառը, որ վարչապետը նշել է, որ սահմանը մեր կողմից բաց է։

 

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրատեսական չէ։ Նախկին նախագահներն էլ նման հայտարարություններ արել են, սակայն Փաշինյանի և նախորդ նախագահների հայտարարությունների միջև կա մի տարբերություն։ Նրանք՝ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և դրա համար պարտադիր չէ Ցեղասպանության ճանաչումը։ Փաշինյանն ասել է, որ այդ ճանաչման ջանքերը խոչընդոտ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,-ասաց Չաքրյանը։ 

Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին՝ թուրքագետը նկատեց, որ Թուրքիան չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

«Հայաստանի հետ կապված Թուրքիայի ծրագիրն է՝ Մեղրիով ներթափանցել Ադրբեջան և այնտեղ դիրքերն ամրապնդել։ Այդպես նա իր ազդեցությունն կտարածի Հարավային Կովկասի վրա, որտեղից էլ կներթափանցի Միջին Ասիա։ Այնպես որ, Թուրքիայի կողմից հայտարարությունը ևս ուղղված է Արևմուտքին»,-նշեց Չաքրյանը։

Երկու հարևան պետությունների միջև դիվանագիտական կապերի բացակայությունը թուրքագետն աննորմալ երևույթ է համարում։ 

 

«Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ սահմանի հարցը լուծվում է։ Այդպես Թուրքիայի օգուտը կլինի ուղիղ ճանապարհով Ադրբեջան հասնելը։ Եթե Թուրքիան Հայաստանի հանդեպ բարյացակամ վերաբերմունք զուցաբերի՝ նրա միջազգային հեղինակությունը կբարձրանա։ Այդ հարաբերությունների կարգավորումով Հայաստանը կդադարի արտաքին քաղաքակնության մեջ կառչել Ռուսաստանից և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն կհաստատվի, որն առավել կարևոր է Հայաստանի համար»,-ասաց թուրքագետը և հավելեց, որ Թուրքիան եթե ցանկանում է գերտերություն կամ առաջնորդող երկիր դառնալ՝ իր թշնամական քաղաքականությունը պետք է փոխի Հայաստանի նկատմամբ։

Արմինե Արմենակյան