Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ
Մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում։
Լուրջ ու շտապ անդրադարձ պետք է լինի ազատազրկման վայրերին։ Դրանք պետք է բեռնաթափվեն։ Պետք է բարելավել պահման պայմանները կալանավայրերում։ Պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվի ցմահ դատապարտվածների խնդիրը։ Անթույլատրելի է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտել եւ մեկընդմիշտ ջնջել նրանց ու մոռանալ։ Պետք է սկսել Հայաստանում եղած քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։
Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման եւ իր արդարացման պահանջը տրամաբանական է եւ Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի եւ ազատ արձակվի։
Դիմում ենք ձեզ` առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլեւս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։
Վարդան Հարությունյան
Իրավունքի եւ ազատության կենտրոն
Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբ
Ավետիք Իշխանյան
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լեւոն Բարսեղյան
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Սոնա Այվազյան
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
06․08․2018թ․