«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողները բաց նամակ են հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Մենք՝ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներս, դեմ ենք Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի տնօրենի պաշտոնում նրա լիազորությունների դադարեցմանը:
Վազգեն Ասատրյանի ղեկավարման երեք տարիները՝ 2015-2018թթ., hամալիրի համար նշանավորվել են մի շարք կարևորագույն միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեր պետությունը հավուր պատշաճի ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում («Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկու միջոցառումների կազմակերպում, Ֆրանկոֆոնիայի XV և XVII գագաթաժողովների կազմակերպում, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպում և այլն): Տարեկան կտրվածքով նախատեսված պետական և տոնական միջոցառումները ևս կազմակերպվել են բարձր մակարդակով:
Լինելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Վազգեն Ասատրյանը հատկապես մեծ կարևորություն է տալիս մեր պետության մշակութային կյանքի զարգացման մեջ համալիրի ունեցած ներդրմանը: Նրա՝ մշակույթի բնագավառում ունեցած հարուստ փորձի և պրոֆեսիոնալ բանակցային հմտությունների շնորհիվ՝ վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն աճել է համալիրում կազմակերպվող մշակութային միջոցառումների թիվը:
Վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվում է համալիրի պատշաճ պահպանությունը՝ որպես շինություն, և երաշխավորվում կայունությունը՝ որպես պատմամշակութային արժեք:
Վազգեն Ասատրյանը իր տնօրենության ողջ ընթացքում քաջատեղյակ է եղել համալիրի բոլոր ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև շինարարական և մշակութային արժեքների վերականգնմանը ներկայացվող բոլոր պահանջների և նորմերի պահպանմամբ իրականացրել է համալիրի ընթացիկ և պատշաճ վերանորոգումը:
Ի լրումն այս ամենի՝ Վազգեն Ասատրյանի տնօրենության ողջ ընթացքում համալիրի աշխատակիցների համար ապահովվել են աշխատանքային պատշաճ պայմաններ և բարենպաստ մթնոլորտ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ խնդրում ենք, պահանջում ենք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Նարեկ Բաբայանին չդադարեցնել Վազգեն Ասատրյանի գործունեությունը որպես համալիրի տնօրեն, քանի որ ոլորտի վերաբերյալ այդչափ պրոֆեսիոնալ գիտելիքներ և նման փորձ ունեցող այլ թեկնածու առկա չէ, իսկ դա կարող է հանգեցնել մի շարք արմատական խնդիրների, այդ թվում՝ նախատեսված միջոցառումների ձախողմանը, շենքի՝ որպես պատմամշակութային արժեքի պահպանման վերանորոգման աշխատանքների խափանմանը :
Վստահեցնում ենք, որ մեր պահանջը բխում է ոչ միայն համալիրի, այլ նաև մեր պետության և հատկապես՝ ՀՀ մշակութային կյանքի զարգացման շահերից:
Սույն հայտարարությունը ստորագրված է «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ » պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ աշխատակիցների և գործընկերների կողմից»։