Հայ-թուրքական սահմանին վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է գրանցվել, որ ռուս սահմանապահները բռնում են պետական սահմանը հատողի։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայում այլ սահմաններից ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները կարողանում են բավականին ազատ մուտք գործել Թուրքիա, այնուհետև նրանց առջև խնդիր է ծառանում անցնել Թուրքիայի սահմանը։ Այդ իմաստով Թուրքիային սահմանակից Հունաստանի, Բուլղարիայի, Հայաստանի համար ավելի վտանգավոր և խոցելի է սահմանակից լինելը։
Իսկ հայ-թուրքական սահմանն ունի մի առանձնահատկություն՝ այն փակ է, ուստի անօրինական ճանապարհով դրանք հատել ցանկացողները փորձում են գտնել սահմանի առավել թույլ կողմերը, և առանց փաստաթղթային ձևակերպումների փորձում հատել այն:
Մելքոնյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանում անհանգստության օջախներ ունենալու դեպքում Հայաստանի առկա խնդիրները կտասնապատկվի, և հայ-ռուսական արդյունավետ համագործակցության արդյունքում է, որ մինչ այժմ հայ-թուրքական սահմանին լուրջ խնդիրների չենք բախվել, այլապես սահմանում անհանգստությունները չեն բացառվի:
«Թուրքիան մի պետություն է, որտեղ ահաբեկչական կազմակերպությունները և հանցավոր խմաբավորումներն ունեն պետության հետ համագործակցության ակտիվ փորձ։ Այնտեղ չի բացառվում սահմանահատման տարատեսակ փորձերը։ Այս առումով մեր սահմանն ավելի զգայուն է դառնում։ Մենք պետք է վերլուծություններ կատարենք՝ ովքեր են սահմանահատները, ինչ սոցիալական խմբի են պատկանում։ Վերջին դեպքերի ակտիվացումն էլ ավելի մեծ տեղ է տալիս անհանգստանալու և քայլերը ավելի հավասարակշռված դարձնելու։ Թուրքիայի պես հարևան ունենալով մենք ամեն վայրկյան կարող ենք բախվել տարատեսակ խնդիրների, նաև ահաբեկիչների ներհոսքի, քանի որ տարատեսակ հիմնավոր փաստեր ապացուցում են, որ ահաբեկչական տարբեր կառույցներ ազատ ելումուտ ունեն Թուրքիա։ Այդ պատճառով այն վտանգի աղբյուր է»,- հավելեց Մելքոնյանը։