Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացի ժամանակ նաև զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան, ոմանք կամավոր հանձնում են, այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց՝ մտահոգություններ կան, թե ԼՂ-ից բռի տեղահանության գործընթացում, հնարավոր է, որ ՀՀ եկած լինի օրինական և ոչ օրինական զենք:

«Ունենք նման տեղեկություններ, որ Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել: Ունենք դեպքեր, որ մարդիկ կամավոր բերում, հանձնում են: Երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ու հանձնել»,-ասաց Ղազարյանը:

Ոստիկանապետի կողմից դրա հետ կապված տրվել են համապատասխան ցուցումներ: Նախարարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց կոչ արեց բերել ու հանձնել իրենց մոտ պահվող ապօրինի զենքը: