28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին՝ վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ ՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով։
Պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն գիշերային ակումբի տնօրենը՝ ծնված 1984թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան 28-ամյա երիտասարդի և գիշերային ակումբի տնօրենի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ մասնակիցների կողմից օգտագործվել է կտրող-ծակող առարկա, որի հետևանքով 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ ակումբի տնօրենը, կտրած-ծակած վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։
Գիշերային ակումբի 34-ամյա տնօրենը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: