Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։
Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։
Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկականից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի՝ բանակի զարգացմանը միտված գործունեության համար և նշել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։