Եթե մեր երկիրը մինչ այժմ լավ վիճակում չի եղել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրը որևէ փոքր բան չի արել, որ այն լավը դառնա։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման  ժամանակ։ Վարչապետը բնակիչների հետ խոսել է Հայաստանում փոփոխությունների մասին.

«Հայաստանում փոփոխություններ տեղի չէին ունենում, քանի որ քաղաքացիները մտածում էին՝ դրանք պետք է անի քաղաքական ուժը կամ դրա լիդերը։ Ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություներ, սակայն, դրանք տեղի չէին ունենում և եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ հարցը լուծվեց. նախորդ 24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, եւ ամեն անգամ, երբ որ տեղի չէր ունենում այդ փոփոխությունենրը նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում էին: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե առաջնորդը պետք է անի, այլ հենց իրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց նաև «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: 

Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ մասնագետների կարիք ունեն:

Նա նաև նկատեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար, որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում:

Վարչապետը Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին պաատսխանեց.

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմն այն է, որ ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»:


Նշենք, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ , Բերդ համայնքներում և սպասարկող արտադրամաս Մովսես համայնքում: «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն ունի շուրջ 1500 գործող հաստոց: