ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ: Ինչպես տեղեկացրին Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, Արմեն Գրիգորյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենն Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ, զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի:
Արմեն Գրիգորյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
Հանդիպման վերջում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով: