Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը և քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել են վերոնշյալ շինհրապարակներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն - Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5,4 կմ երկարությամբ: Այսպիսով, Դավթաշեն վարչական շրջանը կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Գևորգ Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Գևորգ Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածն էլ կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24մ լայնությամբ: ճանապարհահատվածը կազմված կլինի 3 ուղեանցից՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ տեղ կգտնի Գևորգ Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:
Ներկայացնելով աշխատանքների ընթացքը' մեկ անգամ ևս նշվել է, որ շինարարության շրջանակում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունն էլ ապահովվելու է լուսադիոդային (LED) լուսատուներով: Պատասխանատուները վստահեցրել են նաև, որ աշխատանքների արդյունքում կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որն իրար կկապի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:
Արձանագրելով, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, Կամո Արեյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը' որպես պատվիրատու, մշտական հսկողության տակ է պահում սույն աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն ժամկետների պահպանումը, այլև աշխատանքների որակը, ինչի արդյունքում Երևանը կունենա մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ: