Շուտով կլրանա Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:

Նա հույս հայտնեց, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, քանի որ դեռևս մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ:

 

«Իմ պայքարակից ընկերներն այժմ Կառավարությունում են, սակայն նրանց կողմից էլ անտարբեր լռություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի»,-ասաց Շահենը:

Նա նկատեց, որ առաջիկայում  քայլեր չեն ձեռնարկի, քանի որ կան ուժեր, որոնք ցանկանում են օգտվել դրանից:

Նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե հորն առաջարկել են ազատ արձակել, սակայն նա մերժել է:

Շանթին առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում: 

«Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ բանտում է: Նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը:

Նա նկատեց, որ Հայաստանում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, պետք է նաև արժեքների հեղափոխություն տեղի ունենա: