Հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Նա հուլիսի 30-ին հայտնաբերվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և ձերբակալվեց:
Քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը:
Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց: Նա կալանավորված է: Այն քաղաքացիները, որոնք տուժել են Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանություն: