Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բոլոր դպրոցականների համար ներդրվում է աբոնեմենտային համակարգ, որը հնարավորություն կտա նրանց հաղորդակցվել մշակութային կյանքին:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ազդարարեցին երկու նախարարությունների համատեղ նոր ծրագրի մեկնարկը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ այն երկու ոլորտների զարգացման համար էլ շատ կարևոր է: Նախատեսվում է ամբողջ հանրապետությունով՝ 1-12-րդ դասարանցիների համար աբոնեմենտային համակարգ ստեղծել:
«Աբոնեմենտի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կստանա մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան կամ պատկերասրահ, թատրոն և դասական երաժշտության համերգասրահ: Շատ կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումն ամբողջ հանրապետությունում»,- նշեց Մակունցը:
Արայիկ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ պետությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի մոտ 350 հազար աշակերտից յուրաքանչյուրը կարողանա այցելել երեքական մշակութային հաստատություն:
«Այս ծրագիրը մշակույթի նախարարության հետ իրականացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի այս մեկ տարվա ընթացքում հասկանանք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և կատարելագործենք: Հոկտեմբեր ամսից սկսած բոլոր երեխաները կկարողանան այցելել մշակութային կենտրոններ»,- ընդգծեց Հարությունյանը:
Ծրագրով նախատեսվող աբոնեմենտի վրա կլինի երեք կտրոն, և երբ աշակերտը կայցելի մշակութային հաստատություն, դրա հսկիչը կպատռի մեկ կտրոն ու կպահի իր մոտ: Հետագայում այն կներկայացվի համապատասխան գերատեսչությանը, և ըստ դրա կիրականացվի ֆինանսավորումը: Նախագծի համար նախատեսվում է ծախսել շուրջ 400 մլն դրամ: Դպրոցներ ընդունված աշակերտների թիվը հայտնի լինելուն ՝ կտպագրվի համապատասխան քանակությամբ աբոնեմենտ: