Հանրապետության հրապարակում ձևավորված կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին: Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուղիղ 100 օր առաջ ձեր միասնական կամքը հաղթանակեց և 100 օր առաջ, երբ ձեր կամքով ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի այդ պաշտոնում, և սրանից հետո ընդմիշտ միայն դուք եք որոշելու, թե ով լինի ՀՀ վարչապետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 100 օր առաջ ժողովրդի կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկանում, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել Հայաստանում: «Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ ՀՀ-ում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե ՀՀ-ն վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ. նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի բացառիկ մեկը, ով խորհրդարանում ընդամենը մի քանի վստահելի մարդ ունի: Հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում գլխի ընկնելու համար, թե որն էր այդ շարժիչ ուժը, որը հանգեցրեց այսպիսի իրադարձության: Ոմանք այդ գործոնները փնտրում են Արևմուտքում, ոմանք՝ հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ այդ ուժը ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին է, սփյուռքի հայությունը, աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր հայը»,- հավելեց ՀՀ վարչապետը:
Նրա բնորոշմամբ՝ Թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է, այլ՝ Հայաստանի վարչապետը հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: «Սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և հիմա հաստատվել է մի կառավարման համակարգ, որն ընդունված է համարել ուղիղ ժողովրդական կառավարում: Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ դեռևս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին խոսելիս օգտագործում են կոալիցիա հասկացությունը: Հայաստանում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնություն: Այստեղ կա ժողովուրդ, Հայաստանում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է հեղափոխության իմաստը: Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, սրանից հետո հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին: Մենք Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պետք է հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել հանրաքվեի ինստիտուտը: «Կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով՝ սա է մեր հեղափոխության երկրորդ ալիքը: Այս առումով այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել նույն մակարդակի վրա, ինչպես Հին Աթենքում դեմոկրատիայի հաստատումը: Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի Ագորան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից քաղաքացիների ուղեկցությամբ քայլերթով եկել է Հանրապետության հրապարակ: Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը որոշել է սկսել այն վայրից, որտեղից «Թավշյա հեղափոխության» ժամանակ` ապրիլի 22-ին ուժային կառույցները բերման էին ենթարկել իրեն ու իր կողմնակիցներին:
Քայլերթը կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը: