«Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր և անգամ համակարգիչներ: Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22:00-ին մտել է խուզարկության, որը տևել է մինչև հաջորդ օրվա ժամը 8:30-ը, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԿԵ ղեկավարությանը, և նույն օրը Սերգեյ Վալկոն ընդունելության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ հավանաբար, բողոքելու:
Թեև կողմերը ձգտել էին միջադեպը հարթել, սակայն երեկ մենք տեղեկացանք, որ կրքերը դեռ չեն հանդարտվել: Ռուսական իշխանությունները ծանր են տարել կատարվածը և գրեթե ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին:
Անգամ լուրեր կային, որ Դավիթ Անանյանը դիմում է պատրաստվում գրել, մանավանդ՝ ինքն էլ գոհ չէ իր լիազորությունների շրջանակից: Սակայն առայժմ գործընթացը սառեցված է՝ հայկական կողմը բանակցում է ռուսականի հետ և փորձում «անկորուստ» հարթել տեղի ունեցածը: Պատահական չէ, որ երեկ Մոսկվայում 2 ակցիա էր նախատեսված՝ ընդդեմ Փաշինյանի, որը, ըստ չար լեզուների, կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով հայտնի է պուտինյան վարչակազմի հետ ունեցած սերտ կապերով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: