Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվան նվիրված երեկվա հանրահավաքը, ըստ էության, ոչ միայն կոշտ վերջնագիր էր, այսպես կոչված, հակահեղափոխությանը, այլ նաև կարևոր էր՝ հասկանալու, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել իր առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները: Խոսքը առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին է, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել հեղափոխության հաղթանակի և դրա ինստիտուցիոնալացման մասին:
Կոռուպցիայի դեմ պայքարը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Փաշինյանը, ինչպես երևում է, չի սահմանափակվի դատավորների փոփոխությամբ, թերևս այն պարզ պատճառով, որ դատական համակարգում տարիների ընթացքում գոյացած «չարորակ ուռուցքը» բուժել հնարավոր չէ, այն պետք է հեռացնել, ինչն էլ, իհարկե, մեկ օրվա գործ չէ: Եվ այն պարագայում, երբ նոր իշխանությունները ծավալել են կոռուպցիայի դեմ պայքարի նման լայն արշավ՝ դատական համակարգը իներցիոյով շարունակում է աշխատել «վերևներից» եկած հրահանգով: Բայց արի ու տես, որ այդ «վերևները» բնավ էլ նոր կառավարությունը չէ: Հենց այս հանգամանքի վրա էր Փաշինյանը հրավիրում հանրության ուշադրությունը:
Ի հակադրումն գործող դատական համակարգի, վարչապետը առաջարկում է ստեղծել այլընտրանքային արդարդատության մարմիններ, ըստ էության, ռազմական տրիբունալներ, սակայն հիմնված միջազգային պրակտիկայում կիրառվող անցումային արդարադատության սկզբունքների վրա: Եթե դիտարկելու լինենք, թե ինչ գործառույթներ են կատարում վերոնշյալ մարմինները այդ նույն միջազգային պրակտիկայում, ապա պետք է նշել, որ որպես կանոն, արդարադատության այլընտրանքային մարմինները կատարում են հետևյալ գործառույթները՝ նախկին վարչախմբի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած իրավախախտումների հայտնաբերում և բացահայտում, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողություն և նրանց գործողությունների պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականների կազմում և հրապարակում:
Ոչ պակաս կարևոր է, թե ովքեր են ստանձնելու անցումային արդարադատությունը իրականացնելու պատասխանատվությունը, ովքե՞ր են լինելու ատենակալները: Ինչպես պարզ դարձավ Փաշինյանի ելույթից, նա նախընտրում է նման նուրբ հարցերի լուծումը թողնել հրապարակին՝ հիմնվելով ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա: Սա ենթադրում է նաև այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացում: Փաշինյանը երեկվա հանրահավաքի ժամանակ որոշակիորեն բացել է խաղաքարտերը, հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր տարբերակի մասին:
Ինչպես և կանխատեսում էինք՝ Փաշինյանը ճիշտ է գնահատել խորհրդարանական մեծամասնությանը՝ իր վարչապետության համար պոտենցիալ ական լինելու հանգամանքը: Եթե մինչ Մարտի 1-յան կծիկի բացումը և Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը ապա ազատ արձակումը՝ խորհրդարանական ուժերը չունեին Փաշինյանի շուրջ չհամախբվելու տարբերակ, այժմ իրավիճակը փոխվել է: ԱԺ երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն թաքցնում իրենց համակրանքը երկրորդ նախագահի նկատմամբ: ԲՀԿ թեև նախընտրում է լռել այս հարցում, սակայն լռությունը Փաշինյանի համար նույնպես վտանգավոր նախանշան է: Հետևաբաև նա ցանկանում է մինիմալի հասցնել սաբոտաժի ցանկացած դրսևորում խորհրդարանում՝ դիմելով սահմանադրական բարեփոխումների, որոնց արդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել ոչ միայն վարչապետի հրաժարականի, այլ նաև՝ խորհրդարանի ինքնալուծարման միջոցով: Այստեղ էլ, իհարկե, Փաշինյանի խնդիրը բավական բարդ է: Նախ պետք է խորհրդարանին համոզել ընդունել սահմանադրական բարեփոխումները, անցկացնել հանրաքվե, այնուհետև այդ նույն խորհրդարանին համոզել ինքնալուծարվել: Ո՞ւնի արդյոք Փաշինյանը բավականաչափ լծակներ այդ կերպ ազդելու խորհրդարանի որոշումների վրա, և եթե այո՝ այդ դեպքում ինչո՞ւ է զգուշանում սաբոտաժից: Չէ՞ որ, նույն այն լծակների կիրառմամբ, որով վարչապետը պատրաստվում է խորհրդարանին ստիպել ինքնալուծարվել, կարող էր նույն այդ խորհրդարանին ստիպել՝ ընտրել իրեն վարչապետ, չգնալ սաբոտաժի և չփորձել ժողովրդի թիկունքում «խաղեր տալ»:
Այնուամենայնիվ, երեկվա հանրահավաքը տվեց թեև ոչ բոլոր, սակայն որոշ կարևորագույն հարցերի պատասխաններ: Փաշինյանը ներկայացրեց իր գործողությունների ճանապարհային քարտեզը, մնացածը կախված է քաղաքական կամքից և իհարկե՝ ռեալ –պոլիտիկի իրողություններից…
Ստելլա Խաչատրյան