Օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 54-ամյա Աշոտ Աբելյանին եւ 20-ամյա Մանուել Աբելյանին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի եւ աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վիրավորները գտնվում են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ:
Ոստիկանները պարզել են Ա. եւ Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, նա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, որին այս պահին որոնում են:
Վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: