Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան և, մասնավորապես, Հայաստան՝ չի վրիպել համաշխարհային մամուլի ուշադրությունից:
Գերմանական Deutsche Welle-ն Մերկելի այցը լուսաբանող հոդված է հրապարակել «Ինչո՞ւ էին Մերկելին ուրախ տեսնել Երևանում» վերնագրով: Ըստ հոդվածագրի՝ շատերը կանցլերի այցը Հայաստան՝ դիտարկեցին իբրև աջակցություն Հայաստանի նոր իշխանություններին և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանին: Հոդվածում նաև ընդգծվում է, որ կողմերին հաջողվել է հասնել ընդհանուր մոտեցման՝ առանցքային մի շարք հարցերի շուրջ:
Ռուսական RT-ն իր հերթին շեշտը դրել է Մերկելի այն հայատարարության վրա, որով վերջինս Հայաստանը դիտարկում էր իբրև կամուրջ ԵՄ և ԵԱՏՄ միջև: Հիշեցնենք՝ Երևանում Մերկելը հաստատել էր, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության լավագույն օրինակն է:
Իր հերթին ռուսական մեկ այլ լրատվական պորտալ՝ Interfax-ը գրում է, որ Մերկելը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին, իսկ վարչապետ Փաշինյանին էլ հրավիրել է Գերմանիա:
Nowostnik.ru-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելությանը: Ի դեպ՝ նշենք, որ Գերմանիայի կանցլերը Հայաստանում այդպես էլ չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: