ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» ՓԲԸ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշումը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն իր զեկույցում նշեց, որ ՀՀ տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա։

 

«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043թ.-ը կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021թ.-ը խոսք է գնում 50 շահագործողի մասին: Ծրագրի ընթացքում միայն կազմակերպչի կողմից սկզբնական փուլում ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում է շահագործողների կողմից ստեղծել: Կազմակերպիչը մինչ 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021թ. 15 մլն և հետագա տարիներին ևս 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են կանխատեսվում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նկատեց, որ սա թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին է։ Այս մեկը հիմնական երկու տարածք է ունենալու. արտադրական հատվածը՝ Հրազդանում, գրասենյակայինը՝ Երևանում:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը սահմանվել է 25 տարի:

Մեկնարկը կտրվի 1 տարվա ընթացքում: