Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկելիս նշեց, որ խնդիր է տեսնում 184 հոդվածում ընտրակաշառք տալու իրեղեն  ապացույցի ձևակերպման հետ և առաջարկեց այդ տերմինը փոխարինել այլ հասկացությամբ, օրինակ՝ փաստը հավաստող որևէ նյութ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չեն համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները: «Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչանյութերի վերահսկողություն չի կարողանում իրականացնել»,- ասաց նա:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց և ավելացրեց, որ առկա ձևակերպումից արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացառությամբ կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների:

«Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ 3 հազար դրամը բավականին գումար է կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա, կամ ալյուրի պարկ բաժանելու համար: Կամ, ենթադրենք, 3 հազար դրամ դնեն տոպրակի մեջ կուսակցության նշանով բաժանեն, կամ երեք հազար դրամով դիզվառելիք՝ թեկնածուի պատկերով: Ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկեք չթերագնահատենք ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»,- ասաց նա:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ չի կարծում՝ լավաշի վրա կկարողանան պատկեր ստանալ, իսկ վարչապետը նշեց, որ լավաշը դնում են տոպրակի մեջ, պատկերն էլ կպցնում են: Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա բարեգործության տակ է մտնում:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ կքննարկեն, թե արդյոք այն աստիճան ոչ որոշակի է ձևակերպումը, որ խնդիր կարող է առաջացնել, և խնդիրը կձևակերպեն:

 

Նշված նախագծերի փաթեթով Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի: Փաթեթն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: