Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, ով անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին՝ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարևոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:
Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարևորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը ևս Ֆրեզնոյի համար կարևոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- նշում է նա:
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաև Երևանի քաղաքապետարանի համար և այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասում է Հակոբ Հակոբյանը:
Օգոստոսի 31-ին, մեծանուն գրողի 110-ամյակին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու և այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է:
Հիշեցնենք, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: