Բիթլիս քաղաքի փողոցներից մեկն այսուհետև կրելու է հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը հաստատել է քաղաքում որոշակի փողոցների և պողոտաների անվանումների փոփոխության մասին որոշումը:

 

Վիլյամ Սարոյանի անունը կկրի Բիթլիսի Սափքոր փողոցը, որտեղ ժամանակին ապրել է հայ գրողի ընտանիքը:

 

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ:

 

Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...» պատմվածքների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1934 թ.և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: