Երեկ Նիկոլ Փաշինյանի թիմը Երևանի ավագանու ընտրություններում տվեց իր ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։ Սակայն ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը լուրջ մտահոգություններ է առաջացրել հասարակության այն հատվածի մոտ, որոնք նույնացնում են հեղափոխությունը ժողովրդավարության հաղթանակի հետ։ Մարությանը նշել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, և ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։
 
Նման հայտարարությունը, ինչ խոսք՝ քաղաքական դեժավյու է առաջացնում: Ակամայից հիշում ես ՍերԺ Սարգսյանի՝ «որքան տոկոս ուզենք՝ այնքան էլ կխփենք» հայտնի արտահայտությունը, որով լավագույնս են բնորոշվում երկրորդ նախագահի կառավարման տարիները: Սակայն «Սերժին մերժեցին», ըստ էության, մերժելով նաև այդ համակարգին բնորոշ «ավանդույթները»: Մինչդեռ, քաղաքական դաշտը սև-սպիտակի բաժանելու՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատմանը միտված հայտարարությունները որևէ աղերս չեն կարող ունենալ թավշյա հեղափոխության կողմից ամրագրաված արժեքների կապիտալիզացիայի հետ:
 
Անչափ հետաքրքիր է՝ որտեղի՞ց քաղաքականության մեջ, ըստ էության, չկոփված Մարությանին՝ նման պատկերացումներ քաղաքական և հատկապես՝ ընտրական գործընթացների, քաղաքական մրցակցության էության մասին: Գուցե Մարությանի քաղաքական ընկալումների վրա անչափ մեծ հետք է թողել հենց այն փաստը, որ վերջինս երկար տարիների ընթացքում աշխատել է  Սերժ Սարգսյանի փեսային պատկանող հեռուստատեսությունում, անչափ երկար ճանապարհ է անցել Արմենիա Թիվի-ում՝ «կոփվել» համապատասխան միջավայրում: Եթե Մարությանի հայտարարությունը դիտարկենք հենց այդ համատեքստում՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում…
 
Միևնույն ժամանակ, որքան էլ ՔՊ թեկնածուն փորձի իր հայտարարություններից հետո շտկել ասվածը, դերասաններին ավելի բնորոշ լեքսիկոնով ասած՝ «մոնտաժել», ակնհայտ է, որ քարոզարշավի մեկնարկը Փաշինյանի թիմի համար հաջող չես անվանի: Թավշյա հեղափոխության հաջողության հարցում շոշափելի, հիմնարար դերակատարություն է ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացը դուրս է բերել սեւ-սպիտակի տրամաբանությունից եւ դրել հանրության համար մասնակցային, ստեղծագործական տրամաբանության մեջ: Ներկայում խնդիրն է արդեն իշխանության կարգավիճակում այդ տրամաբանությունը պահելը, սակայն արդյո՞ք հաջողվում է…