Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կրկին բողոքի ցույցեր են։ Բնակիչները համայնքապետարանի մոտ պահանջում են Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը՝ իրենց 34 տարվա ղեկավարին մեղադրելով ֆինանսական չարաշահումների, թալանի և ոչ ճիշտ կառավարման մեջ:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում համայնքապետ Մարգարյանը նշեց, որ զրպարտություն է իր հասցեին հնչող մեղադրանքները։
«Եկել են, բնակիչների շրջանում հարցում անցկացրել, որի մասին ես 4 օր հետո եմ իմացել։ Հետո մարզպետարանից, դատախազությունից ստուգումներ են իրականացրել։ Մեր գյուղում կոռուպցիա չի եղել»,-ասաց Մարգարյանը։
Անդրադառնալով իր հրաժարականի դիմումին՝ նշեց, որ հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն հաջորդ օրը ավագանու հորդորներով դիմումը ետ է վերցրել։
«Մարզպետը տեղյակ է, որ ես հրաժարավել եմ դիմումից»,-ասաց համայնքապետը։
Նա նկատեց, որ դիմել է դատարան՝ մարզպետի՝ օգոստոսի 27-ի որոշումը (ԺՊ նշանակելու) կասեցնելու համար։
«Այս պահին մարզպետի կողմից ԺՊ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը և Աշոտ Խուրշուդյանն են ցույցերի կազմակերպիչները, այսինքն՝ «քեռի-եգյան»։ Նրանք բոլորը մի մարդ են, բոլորն իրար բարեկամ են։ Այնտեղ մանկավարժներ կային, աշխատող մարդիկ կային և դպրոցական երեխաներ, որոնց դպրոցից կտրել-բերել էին, որոնցից մեկն էլ մանկավարժի երեխա էր։ Նրանց մոտ պաշտոն զբաղեցնելու մոլուցք է»,- նկատեց Մարգարյանը
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ՝ համայնքապետը պատասխանեց, որ հրաժարական կտա այն դեպքում, երբ բոլորը, ովքեր իր հասցեին սխալ լուրեր են տարածել՝ ներողություն խնդրեն։
«Ես ունեմ 1600 ընտրող։ Իսկ ակցիային անչափահասներ և դրսից մարդիկ են հիմնականում մասնակցում։ Ես սրբորեն աշխատել եմ։ Մեր բյուջեում կա 160 մլն դրամ․ կոռուպցիոները իր բյուջերում 160 մլն չի պահում։ Համայնքներից քանիսի՞ բյուջեում այդքան փող կա»,- ավելացրեց Մարգարյանը։
Նշենք, որ համայնքի ղեկավարը ԼՈւՐԵՐ․com-ին ուղարկեց ԺՊ Ռազմիկ Մկրտչյանի՝ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու ծանուցագիրը, որտեղ ակնհայտ սխալներով գրված ծանուցման մեջ նշվում է, որ օրակարգի հարցերից է լինելու համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը։
Ծանուցագրի օրինակը ներկայացնում ենք ստորև՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: