Արարատի մարզի Արարատ քաղաքում տևական ժամանակ է՝ կրքերը չեն հանդարտվում. որոշ քաղաքացիներ պահանջում են 2 անգամ վերընտրված ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը, քանի որ «իրենց ավելի հոգատար քաղաքապետ է հարկավոր, քան կա»:
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հոգնել են նույն քաղաքապետից և ավելի երիտասարդի են պահանջում, սակայն մյուս կողմից քաղաքապետ Հայկյանը չի պատրաստվում «15 հոգու համար» հրաժարական տալ:«2014թ. սկսած՝ այնքան հսկայական աշխատանքներ են կատարվել, որ ես 15 հոգու համար չեմ տա հրաժարական: Իմ կատարած բոլոր աշխատանքների փաստաթղթերն առկա են և ես այդ մի քանի հոգուն ասել եմ, որ ընտրություններիր ժամանակ ես 4000 ձայնով ընտրվել եմ, և եթե կկարողանան 4000 ստորագրություն հավաքել, ես նոր հրաժարական կտամ»,-մանրամասնեց քաղաքապետը և հավելեց, որ հավաքվածներն այ ստորագրությունը չեն կարողանում հավաքել և հիմա փորձում են «ճնշման միջոցով հասնել իրենց ուզածին»:
Քաղաքապետի պնդմամբ՝ հավաքվածները, փակելով քաղաքապետարանի մուտքը, խաթարում են բնականոն աշխատանքը, քանի որ քաղաքապետարանում է նաև գտնվում մի շարք պետական հիմնարկներ՝ ԶԱԳՍ, նոտար, տարածքային ընտրական հանձնաժողով, զբաղվածության կենտրոնը և այլն: Հայկ Հայկյանը նկատեց՝ անհիմն են բողոքողների պահանջներն ու մեղադրանքները:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի կուսակցական պատկանելությանը, Հայկյանը շեշտեց. «Ես Հանրապետական եղել եմ և մնալու եմ, չեմ կարող հրաժարվել դրանից ու խաբել իմ ժողովրդին՝ ասելով թե կուսակցական չեմ: Ինչպես որ աշխատել եմ ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ աշխատելու եմ հիմա հանուն իմ քաղաքի, քանի որ այստեղ ծնվել եմ, այստեղ էլ մեռնելու եմ»:
Հայկյանը հավելեց նաև, որ չի պատրաստվում իր աջակիցներին հանել փողոց, չնայած, որ իր խոսքով՝ շատ են այդպիսիները:
Արմինե Միքայելյան