Վարդենիսի ավագանին բավարարել է քաղաքապետ Արամ Հարությունյանի հրաժարականի դիմումը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ը տեղեկանում է Վարդանիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետով և հիմք ընդունելով Արամ Հարությունյանի անձնական դիմումը` համայնքի ավագանին որոշում է բավարարել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի դիմում- խնդրանքը հրաժարական տալու վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ։
Արամ Հարությունյանը Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին, իսկ հրաժարականի դիմում ներկայացրել՝ դեկտեմբերի 3-ին։
Հանրապետական կուսակցության այս անդամը հայտնի է իր դիզած ունեցվածքով։ Չնայած Վարդենիսում աղքատների թվին, նա կարողացել է մի շարք սեփականությունների տեր դառնալ, ինչպես նաև ապահովագրելով իրեն՝ բիզնեսը դուրս հանել ՌԴ:
Ի դեպ, թեև պետական կառույցների ստուգումների արդյունքում բացահայտումներ են արվել Վարդենիսի սոցապում, սակայն արդեն նախկին համայնքապետն ամեն գնով կարողացել է թեմայից իր անունը մաքրել:
Նշենք, որ Արամ Հարությունյանի եղբայրն էլ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Արտակ Հարությունյանն է, որը ձերբակալվել էր ինտերնատին հատկացված կաթն ու միսը վաճառելու և ստացված գումարը կազմակերպության հաշվեհամարին չմուտքագրելու համար, սակայն օրեր անց ազատ էր արձակվել և մնացել նույն պաշտոնին: Նա նաև ձերբակալված է եղել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով: