ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ!

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով' մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի' 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։

Սիրով»։