Ադրբեջանցի վտարանադի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը սենսացիոն բացահայտում է արել, որ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հրաժարվել է կոռուպցիոն գործարքի բացահայտման պատճառով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ «Ադրբեջանցի վտարանադի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը սենսացիոն բացահայտում է արել, որ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հրաժարվել է կոռուպցիոն գործարքի բացահայտման պատճառով։
Ըստ Յունուսովի, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին նվիրված որեւէ միջոցառում էր կազմակերպում, ամեն անգամ կառույցի գլխավոր տնօրեն, բուլղարուհի Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրովի բանկային հաշվին Բաքվից փոխանցվում էր 100-200 հազար եվրո։ Բոկովան, որ զբաղեցրած պաշտոնում ընդհանուր առմամբ վաստակել է 790 հազար դոլար, Նյու-Յորքում ձեռք է բերել 2,4 միլիոն դոլար արժեցող բնակարան՝ վճարելով առձեռն։ Գործարքը բացահայտվել է, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Մեհրիբան Ալիեւային խորհուրդ են տվել հրաժարական տալ՝ խուսափելու աղմկոտ բացահայտումներից։
Յունուսովի այս գրառումը պետք է հնարավորինս լայն տարածվի, հայկական կողմը կարող է խորհրդակցել համապատասխան մարմինների հետ, որպեսզի քննարկման առարկա դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության, ինչպես նաեւ քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության նկատմամբ այդ կառույցի անտարբերության հարցը»,-գրել է նա։