Արմավիր մարզի Ապագայի համայնքապետ Արտաշես Բարսեղյանը օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին Ապագայի համայնքապետարանից:
Նշենք, որ համայնքապետը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է և հարցին՝ գուցե հենց կուսակցական պատկանելությո՞ւնն էր եղել նրա՝ հրաժարականի դիմում գրելու պատճառը, համայանքապետարանի աշխատակիցը ժխտեց՝ նշելով.
«Արտաշես Բարսեղյանի երեխաները ուսման նպատակով տեղափոխվել են ԱՄՆ: Նա և իր կինը գնացել են իրենց երեխաների մոտ»:
Հավելելով՝ համայնքապետարանի աշխատակիցը նաև նկատեց, որ Արտաշես Բարսեղյանի պաշտոնավարման ընթացքում որևէ խնդիր չի եղել և վերջինս այնքան սիրելի համայնքապետ է եղել, որ ավագանու անդամները չեն ցանկացել ստորագրել, որ համայնքապետն ազատվեր պաշտոնից:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտորթյուններին, մեզ հայտնեցին, որ դեռևս պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի. «Մարզպետարանից են ժամանակավոր պաշտոնակատար ներկայացնելու և առաջիկա օրերին հնարավոր է՝ ներկայացվի»:
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ