Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Զարոյանը:
«Արամ Հարությունյանը դիմում է գրել, որ ընտանեկան պայմաններից ելնելով՝ չի շարունակելու պաշտոնավարումը: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև թղթում այդպես է գրված»,-մեզ հետ զրույցում ասաց Զարոյանը:
Հարցին` հնարավո՞ր է՝ քաղաքական ճնշումների արդյունքում համայնքապետը հրաժարական տված լինի, քանի որ նա ՀՀԿ անդամ է, Զարոյանը նշեց. «Մեզ համար անսպասելի է եղել հրաժարականի դիմումը. ոչ մի խնդիր, որևէ բողոք չի եղել ո′չ քաղաքական, ո′չ էլ այլ տեսակի: Վարդենիսում նորմալ աշխատանքի ընթացք է եղել` առ այսօր»:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Արամ Հարությունյանը մեծահարուստ է` Զարոյանը նշեց. «Այդպիսի բան չկա, այդ խեղճն ի՞նչ կարողության տեր է, ի՞նչ ունի` մի տուն ունի, դա մենք էլ ունենք, կարողություններ ունեցողները գիտենք՝ ովքեր են: Նա սովորական քաղաքացի է»:
Հիշեցնենք` Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Նրա անունը կապվում է «Փարոս» համակարգով քաղաքացիների օգնություններից օգտվելու և անապահովների գումարները յուրացնելով հարստանալու մեջ: